Միջավայր, որտեղ թե՛ մեծերը, թե՛ փոքրերը կարող են երազել ու հավատալ. հեքիաթային օր Winter Park ձմեռային այգում

Երբ հայտնվում են իրական հեքիաթում ու հրաշքների աշխարհում, ջնջվում են տարիքային սահմանագծերն ու երեխաների հետ միասին մանկանում են նաև մեծերը։

Դեկտեմբերի 27-ին Winter Park ձմեռային այգին հյուրընկալել էր ԶԼՄ-ի ներկայացուցիչներին և իրենց երեխաներին՝ անցկացնելու հետաքրքիր ու անմոռանալի օր երևանյան փոքրիկ Լապլանդիայում: Հյուրերը նախ շրջեցին հեքիաթային Winter Park-ում, ծանոթացան գործող ենթակառուցվածքներին, և տարբեր ակտիվություններին։ Այնուհետև թե՛ մեծերը ու թե՛ փոքրերը հնարավորություն ունեցան հանդիպելու Սանտա Կլաուսին, ով իր տաքուկ և հեքիաթային տնակում քաղցր նվերներ բաժանեց երեխաներին, եղան Միսիս Կլաուսի տնակում, որտեղ նրա հետ անուշաբույր թխվածքաբլիթներ պատրաստեցին և կախարդական սարքով նամակներն ուղարկեցին Սանտային, հանդիպեցին չարաճճի Գրինչին ու ժրաջան էլֆերին։

Winter Park-ի հեքիաթը սկսվել է տարիներ առաջ՝ 2016 թվականին, երբ այգու հիմնադիրներն ընտանիքով այցելում են Լապլանդիա և Հայաստան վերադառնում այստեղ էլ հեքիաթ և փոքր Լապլանդիա ստեղծելու գաղափարով ու մեծ երազանքով։ Այգու ստեղծման մասին ԶԼՄ ներկայացուցիչներին պատմեց համահիմնադիր Անժելա Պետրոսյանը, ով նշեց՝ գրեթե ոչ ոք չէր հավատում, որ այդ տարածքը հնարավոր է բարեկարգել. նախկինում այգու հատվածը եղել է բնակիչների սիրելի զբոսավայրերից մեկը, բայց հետագայում անուշադրության մատնվելու պատճառով՝ հայտնվել անմխիթար վիճակում։

«Տարիներ առաջ մենք էլ փոքրիկ երեխաների նման մի երազանք էինք մտապահել, և ուզում էինք, որ այն անպայման իրականություն դառնա։ Իսկ երազանքը ծնվել էր Լապլանդիա այցելելուց հետո, երբ ընտանիքով եղանք այնտեղ, տեսա, թե ինչպես են երեխաներն ապրում այդ հրաշքով ու հավատում հեքիաթին, որոշեցի, որ ինչ գնով էլ լինի, Հայաստանում էլ պետք ստեղծենք այդ հեքիաթը։ Իսկապես, շատ ուրախ եմ, որ կատարվել է Երևանում Փոքրիկ Լապլանդիա ունենալու մեր երազանքը։ Մեր այն երազանքը, որ երեխաներն իրենց տեսած մուլտֆիլմերում, հեքիաթի գրքերում կարդացած հերոսներին ու Սանտային կհանդիպեն իրական կյանքում, կտեսնեն, թե ինչպես է Սանտան թռիքչով գալիս, ինչ տեսք ունի իր տնակը, ինչպես են էլֆերն օգնում նրան։ Ու ի վերջո՝ ինչպիսին է հեքիաթային Լապլանդիան։ Կարծում եմ` մեր թիմին հաջողվել է բոլորիս համար ստեղծել Ամանորի հեքիաթը, ստեղծել մի միջավայր, որտեղ թե՛ մեծերը, թե՛ փոքրերը կարող են երազել ու հավատալ, որ հրաշքներ լինում են, իսկ երազանանքներն էլ կատարվում են»։

Այգու կոնցեպտը մշակելիս հիմնադիրները համագործակցել են ռեժիսորի և ոլորտի պրոֆեսիոնալների հետ, որպեսզի ամեն բան իրական, իսկ երեխաների ու մեծերի համար ուրախ ժամանցը կատարյալ լինի։ Խոսելով այգու բացառիկության մասին ռեժիսոր Կարո Բալյանը նշեց, որ Երևանին նման այգիներ, միանշանակ, պակասում էին.

«Այգում յուրաքանչյուր դետալ իր պատմությունն ու լեգենդն ունի, ոչինչ պատահական ու հենց այնպես արված չէ։ Բեմադրությունն ու մթնոլորտն այնպես են ստեղծված, որ այստեղ հայտնվելով՝ ոչ ոք ու երբեք չի էլ կարող մտածել որ ինչ-որ բան իրական չէ։ Իհարկե, այգիներ շատ կան Երևանում, բոլորն էլ իրենց տեսակի մեջ հետաքրքիր են, բայց մենք ուզում էինք, դուրս գալ ատրակցիոնային այգու կոնցեպտից, և ստեղծել մի վայր, որտեղ իրական, մարդկային շփում է, ջերմություն ու հյուրընկալություն։ Ամենախոսունն այն է, երբ տեսնում ենք, թե մեծերն էլ որքան են ուրախանում և ինչ էմոցիաներ են ապրում՝ այստեղ գալով»։

«Տարեցտարի այգու հյուրերի թիվը բազմապատկվում է, և մենք ժպտացող ու փայլուն աչքերով ավելի շատ փոքրիկների ենք ընդունում։ Կարծում եմ՝ ավելի մեծ գնահատանք ու ձեռքբերում չէր կարող լինել»- հավելեց Անժելա Պետրոսյանը։

Այգին, իսկապես, բոլորի համար է։ Ասյտեղ իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ և առանձնահատուկ կերպով նշվում են բոլոր տոները՝ սկսած 506-ամյա Գրինչի ծննդյան օրից, մինչև Սուրբ ծնունդ։ Իսկ այգին անընդհատ հետաքրքիր դարձնելու համար, այստեղ ամեն տարի որևէ նոր բան է ավելանում.

«Քանի որ ի սկզբանե նպատակ ունեինք Երևանում փոքրիկ Լապլանդիա կառուցել, այս տարիների ընթացքում էլ ոչինչ չենք խնայել այգին բարեկարգելու և այն հեքիաթային վայր դարձնելու համար։ Շատ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել ու այսօր էլ դրանք շարունակվում են։ Այո՛, ամեն տարի այգում որևէ նոր բան ենք ավելացնում, որպեսզի այն դառնա Երևանի կոլորիտի մասը»,-»,- նշեց Անժելա Պետրոսյանը։

Ձմեռային այգում գործում է նաև հանրապետությունում ամենամեծ բացօթյա սահադաշտը, որի մակերեսը 1800քմ է։