Ձմեռային ժամանցի վայրեր Երևանում և Հայաստանում
Ձմեռը Երևանում հրաշալի է, հատկապես, երբ մոտենում են սեզոնի և տարվա լավագույն տոները՝ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Քաղաքն ընկղմվում է գույնզգույն լույսերով ողողված ձյունասպիտակ հեքիաթի գիրկը. գեղեցիկ այգիներ, սպիտակ փողոցներ, հարմարավետ ու ջերմ սրճարաններ և, իհարկե, սահադաշտեր՝ բաց երկնքի տակ: Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, որտեղ միաժամանակ տիրում է դարավոր ավանդույթներով ստեղծված ժամանակակից ջերմություն: Այստեղ Դուք կարող եք ծանոթանալ քաղաքի պատմությանը, այցելել ինչպես հանրահայտ տեսարժան վայրերը, այնպես էլ քաղաքի ոչ այնքան հայտնի, բայց ոչ պակաս հետաքրքիր անկյունները, ինչպես նաև համտեսել ազգային ճաշատեսակները տեղական լավագույն ռեստորաններում:
Քաղաքում զբոսնելիս, անկասկած, պետք է այցելել Հանրապետության հրապարակ՝ երկրի գլխավոր հրապարակ, որը մեկ անգամ չէ, որ հայտնվել է ԱՊՀ և աշխարհի ամենագեղեցիկ հրապարակների ցանկում: Այն մեծ համբավ է վայելում՝ շնորհիվ իր յուրօրինակ ճարտարապետական լուծումների, որոնք առավել ակնհայտ են դառնում երեկոյան լույսերի ներքո: Երևանում անպայման անհրաժեշտ է լինել նաև Կասկադի համալիրում, որն ընդգրկում է գեղարվեստորեն ձևավորված աստիճաններ, ժամանակակից քանդակներ՝ ծածկված ճերմակ ձյան շերտով: Այս ամենի ամբողջությունն իրենից ներկայացնում է ճարտարապետության հատուկ դրսևորում, որը զարդարում է Երևանը: Քաղաքի կարևորագույն մշակութային արժեքներից մեկը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն է, որը տեղակայված է Երևանի ամենագեղեցիկ հրապարակներից մեկում՝ Ազատության հրապարակում:
Երևանը յուրահատուկ է նրանով, որ քաղաքում զբոսնելիս ծանոթանում ես հին և նոր Երևանին միաժամանակ՝ հայկական վարդագույն տուֆից կառուցված շինություններ և նորաոճ բարձրահարկ շենքեր, ավանդական փոքր ու գողտրիկ փողոցներ և ժամանակակից բրենդային խանութներով ու սրճարաններով հարուստ Հյուսիսային պողոտա: 2012թվականից սկսած այս պողոտայում յուրաքանչյուր տարի ձմռան տոներին գործում է ամանորյա և սուրբ ծննդյան տոնավաճառ, որտեղ կարելի է վայելել համեղ ուտեստներ, տաք ըմպելիքներ, ինչպես նաև ձեռք բերել զանազան ձեռագործ հուշանվերներ: Հյուսիսային պողոտան համարվում է քաղաքամայր Երևանի ամենաժամանակակից վայրերից մեկը:
Իսկ բոլոր նրանց, ովքեր Երևան են այցելել ընտանիքի հետ, առաջարկում ենք այցելել Ձմեռային այգի: Այս փոքրիկ հեքիաթային աշխարհում կա ամեն ինչ՝ ինտերակտիվ ներկայացումներից մինչև էլֆեր ու սառցե քանդակներ: Այստեղ կարելի է վայելել այգու վառ լույսերը, տարատեսակ ատրակցիոններ: Ձմեռային այգին համարվում է Երևանում ձմեռային ժամանցն անցկացնելու ամենահայտնի վայրը:
Ներկայումս Երևանում գործում է 3 սահադաշտ, որոնցից մեկը գտնվում է Ձմեռային այգում: Այստեղ միշտ շատ այցելուներ են լինում. գալիս են ընտանիքներով, երեխաների հետ և հրաշալի ժամանակ են անցկացնում: Սահադաշտի անմիջապես կողքին գտնվում է սրճարան, որտեղ կարելի մի բաժակ տաք սուրճ կամ թեյ վայելել երկարատև սահքից հետո:
Քաղաքի հենց կենտրոնում՝ Ազատության հրապարակի հարևանությամբ է գտնվում Կարապի լիճը, որը ձմեռային ամիսներին վերածվում է սպիտակ սահադաշտի և սպասում իր բազմաթիվ այցելուներին՝ սիրահար զույգերին, դեռահասներին, երիտասարդներին և բոլոր նրանց, ովքեր որոշել են ընկերների հետ վայելել այս ձմեռային սպորտաձևը երեկոյան Երևանի գունավոր լույսերի ներքո:
Երևանի երրորդ սահադաշտը Իրինա Ռոդնինայի անվան սառցե արենան է: Այստեղ գործում է սպորտ դպրոց, որը կրում է գեղասահքի աշխարհի չեմպիոնուհի, ազգությամբ ռուս Իրինա Ռոդնինայի անունը: Այս սահադաշտ այցելում են ինչպես գեղասահքի, այնպես էլ տափօղակի սպորտաձևերի սիրահարները: Սա քազաքում գործող սահադաշտերից միակն է, որ բաց է ամբողջ տարվա ընթացքում:
Հետաքրքիր ժամանց կարելի է անցկացնել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ դրանից դուրս: Ծաղկաձորի, Սևանի ու Ջերմուկի լեռնադահուկային հանգստավայրերը հարմար են ինչպես սկսանակ, այնպես էլ պրոֆեսիոնալ սահորդների համար: Ամենուր գործում են մատչելի գներ, բարձրակարգ դահուկային սահուղիներ, արհեստավարժ հրահանգչի ծառայություններ և հյուրընկալ միջավայր: Հայաստանի հյուրերը կարող են հիանալ ձյունապատ լեռների անկրկնելի բնապատկերներով և վայելել հայկական ավանդական խոհանոցի յուրօրինակ ճաշատեսակները: Բոլոր լեռնադահուկային հանգստավայրերն այցելուներին ապահովում են ձմեռային հանգստի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Այսպիսի հանգիստը ոչ միայն ապահովում է ֆիզիկական ծանրաբեռնվածություն, այլև բարձրադիր լեռներից երևացող անտառների ձմեռային բնապատկերներով հիանալու և լեռնային թարմ օդը վայելելու հնարավորություն: Ձմռանը Ջերմուկ քաղաք կարելի է այցելել նաև առողջությունը վերականգնելու և սպա-հյուրանոցներում լիցքաթափվելու նպատակով՝ օգտվելով տարատեսակ բուժիչ պրոցեդուրաներից: Բուժիչ հանքային ու գետնի տակից բխող տաք ջրերն առավել յուրահատուկ են դարձնում քաղաքը ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:
Լեռնային երկիր Հայաստանը գեղեցիկ է ձմռանը: Հայկական լեռների ողջ գեղեցկությունը բացահայտելու համար կարող եք մասնակցել լեռներում կազմակերպվող ձմեռային ջիփինգին: Կարելի է փորձել նաև ժայռամագլցումը ճերմակ ձյան շերտով ծածկված ժայռերի վրա:
Եթե Դուք ցանկանում եք ձմեռային ամիսներին ջերմանալ տեղացիների հյուրընկալությամբ, փորձել ավանդական խոհանոցի ուտեստները, հիանալ քաղաքի վառվռուն լույսերով ու հայաստանյան լեռների հրաշալի բնապատկերներով, այցելե՛ք Հայաստան: